Armenian

«Սփյուռք» փորձագիտական խորհրդի կազմը

Ծանոթացնենք ձեզ առաջին «Սփյուռք» փորձագիտական խորհրդի անդամների հետ։


  • Ասպետ Քոչիկյան (ԱՄՆ, Հայաստան) – քաղաքական գիտությունների թեկնածու (2008), Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս։ ՀԱՀ-ից առաջ երկար տարիներ աշխատել է Բենթլիի համալսարանում և Ֆլորիդայի նահանգի համալսարանում, ինչպես նաև հրավիրյալ դասախոս է եղել Հայաստանում։ Կազմակերպել և զեկուցել է մի շարք գիտաժողովներում՝ նվիրված փոքր պետությունների արտաքին քաղաքականությանը, ինքնության և սփյուռքերի, Մերձավոր Արևելքի և Եվրասիայի տարածաշրջանային զարգացման հարցերին։ Ունի քաղաքագիտության և հանրային կառավարման բակալավրի աստիճան (Բեյրութի ամերիկյան համալսարան), ինչպես նաև քաղաքական գիտությունների թեկնածուի աստիճան, որն ստացել է Բոստոնի համալսարանում (թեկնածուական թեզը նվիրված է փոքր պետությունների արտաքին քաղաքականությանը՝ Վրաստանի և Հայաստանի օրինակով)։

  • Դալար Ղազանչյան (Քուվեյթ, Հայաստան) – միջազգային տնտեսագետ, «ՀԱՅԱՍՏԱՆ 2041» հիմնադրամի գլխավոր օպերացիոն տնօրեն։ Ծրագրերի կառավարման ոլորտի պրոֆեսիոնալ։ «ՀՌԿԿ-Հայաստան»-ի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Նախկինում եղել է «ՀԲԸՄ Հայաստան»-ի գործադիր տնօրենը, ինչպես նաև աշխատել է որպես խորհրդատու և ծրագրերի ղեկավար այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսիք են Կովկասը, Մերձավոր Արևելքը, Արաբական ծոցը, Կենտրոնական Ասիան և Արևելյան Եվրոպան։ Աշխատել է զանազան ծրագրերում` ուղղված Արաբական ծոցի երկրներում պետական և հասարակական սեկտորների վերակազմավորմանը։ Ավարտել է Ջոն Հոփքինսի համալսարանը` ստանալով մագիստրոսի աստիճան ռազմական-ռազմավարական ուսումնասիրությունների ոլորտում։

  • Հրանտ Միքայելյան (Վրաստան, Հայաստան) – սոցիալական գիտությունների միջդիսցիպլինար մասնագետ՝ քաղաքագետ, տնտեսագետ և սոցիալական աշխարհագրագետ, Կովկասի ինստիտուտի ավագ գիտաշխատող (2009 թ.-ից), «Հայկական նախագիծ» ՀԿ-ի ներկայացուցիչ։ Նախկինում աշխատել է «ԿազՏրանսԳազ-Թբիլիսի» ընկերությունում (ներկայումս «Թբիլիսի Էներջի»)՝ որպես վիճակագրության և հետազոտությունների վարչության գլխավոր մասնագետ։ 3 մենագրությունների և ավելի քանի 50 գիտական զեկույցների ու հոդվածների հեղինակ և համահեղինակ։ Հետաքրքրությունների շրջանակի մեջ են մտնում մարդկային հասարակության վերաբնակեցման և տեղավորման տեսական հարցերը, իսկ տարածաշրջանային համատեքստում՝ Հարավային Կովկասը։


  • Սարգիս Բալխյան (ԱՄՆ, Հայաստան) – մարդու իրավունքների պաշտպան, «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի գործադիր տնօրեն, ում ուշադրության կենտրոնում են Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի տարածաշրջանները։ Երևանում հիմնված այս ՀԿ-ն աջակցություն է տրամադրում Իրաքից, Իրանից, Լիբանանից, Սիրիայից ու Լեռնային Ղարաբաղից (Արցախից) եկած փախստականներին։ Նախկինում աշխատել է Վաշինգտոնում՝ «Human Rights Watch»-ում և «ԱՄՆ-ն ՄԱԿ ՓԳՀ-ի համար» (ՓԳՀ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար)։ Բալխյանն ունի քաղաքագիտության և ցեղասպանագիտության բակալավրի աստիճան (Քլարքի համալսարան), ինչպես նաև դիվանագիտության և միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան (Երևանի պետական համալսարան)։

  • Վադիմ Հարությունով (Ռուսաստան) – լրագրող, արևելագետ-հնդկագետ, կլինիկական հոգեբան, «Անտիտոպոր» տեղեկատվական-վերլուծական գործակալության հիմնադիր և ղեկավար: Աշխարհի հայկական համայնքների գիտակ։ Տիրապետում է հինգ լեզվի։ Ռուսալեզու միջավայրում առաջին մարդն է, ով սկսեց պայքարել ԶԼՄ-ներում ադրբեջանական պրոպագանդայի դեմ։ Նախկինում եղել է «Առաջին ալիք» ԲԲԸ-ի, «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի և իսպանական «Սեմանա» ամսագրի թղթակիցը։ Ստացել է արևելագետ-հնդկագետի կրթություն Մ. Ի. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտում (Ռուսաստան, 2003), ինչպես նաև կլինիկական հոգեբանի որակավորում Կոստանայի պետական համալսարանում (Ղազախստան, 2006)։

  • Վարդան Մարաշլյան (Ռուսաստան, Հայաստան) – տնտեսական գիտությունների թեկնածու (2000), «Ռեպատ Արմենիա» հիմնադրամի համահիմնադիր և տնօրեն (2012 թ.-ից, ուղղված է դեպի Հայաստան հայրենադարձության խրախուսմանը)։ Նախկինում զբաղեցրել է հայրենադարձության, երիտասարդական ծրագրերի, Երիտասարդ առաջնորդների և լրագրողների համար ամառային դպրոցի գծով սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնը, ինչպես նաև եղել է Հայաստանի վարչապետի օգնական։ Ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ ունի հասարակական և մասնավոր սեկտորներում։ Որպես բանախոս հանդես է եկել մի շարք տեղական և միջազգային ֆորումներում` պետության և սփյուռքի հարաբերությունների միջազգային փորձի, հայկական ինքնության, հայրենադարձության և ինտեգրացիայի քաղաքականության թեմաներով։ Մասնավոր ոլորտում զբաղվել է անշարժ գույքի զարգացմամբ և բանկային գործով։ Ծնվել է Երևանում և հայրենադարձվել Հայաստան 2010 թ. Մոսկվայում ավելի քան 25 տարի բնակվելուց հետո։ 1997 թ. ավարտել է Ռուսաստանի Դաշնությանն առընթեր ֆինանսական ակադեմիան միջազգային տնտեսագիտության գծով, իսկ 2000 թ. տնտեսական գիտությունների թեկնածուի աստիճան է ստացել Մոսկվայի պետական համալսարանում։
նորություններ
Made on
Tilda